Բրազիլացու համար պարադոքսալ է, սակայն աշխարհի առաջնության եզրափակիչում երկրպագելու եմ Արգենտինայի հավաքականին, ասել է Բրազիլիայի հավաքականի եւ կատոլանական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, հաղորդում է Bild-ը:
«Արգենտինան ու Բրազիլիան հավերժ ֆուտբոլային թշնամիներ են, սակայն այս եզրափակիչում երկրպագելու եմ արգենտինացիներին, եւ դա պարադոքսալ է: Սակայն ես կերկրպագեմ ավելի շատ Մեսիին, քան Արգենտինայի հավաքականին: Ես ցանկանում եմ, որ Մեսին ու Մասկերանոն հաղթեն: Մեսին զգալի դեր է խաղում այսօրվա ֆուտբոլում: Նա արժանի է չեմպիոնական տիտղոսին: Ես միշտ լավագույնն եմ ցանկանում իմ ակումբակիցների համար: Եւ այդ պատճառով հույս ունեմ, որ Արգենտինան կհաղթի»,- ասել է Նեյմարը, որը ողնաշարի վնասվածքի պատճառով երկու ամիս չի խաղա:
Հուլիսի 13-ին Ռիոյի «Մարականա» ստադիոնում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Գերմանիայի հավաքականը: Հուլիսի 12-ին Բրազիլիան ու Հոլանդիան կմրցեն բրոնզե մեդալների համար: