Որ խնձորն առողջարար նշանակություն ունի՝ բոլորը գիտեն, բայց դրա՝ սեռական կյանքին առնչվող հատկությունների մասին գիտնականները բոլորովին վերջերս են պատկերացում կազմել: Պարզվում է՝ հանրահայտ միրգը կանանց մոտ սեռական գրգռվածություն եւ բավարարվածություն խթանելու հատկություն ունի, հաղորդում է Medical Daily-ն:
Իտալացի փորձագետներ, խնձորի եւ սեքսի «ախորժակի» միջեւ կապը պարզելու նպատակով, հետազոտություն են անցկացրել 18-43 տարեկան 731 կանանց շրջանում: Առաջին խմբում ներառված մասնակիցները օրական ավելի քան մեկ խնձոր են կերել, իսկ երկրորդ խմբի կանայք՝ մեկից էլ քիչ: Նրանց սեռական բավարարվածության գործակիցը պարզելու նպատակով, մասնագետները 19 հարցից բաղկացած հարցաշար են կազմել, որի օգնությամբ, մասնավորապես, սեռական շփումների եւ դրանցից ստացված բավարարվածության վերաբերյալ տվյալներ են ստացվել:
Արդյունքում պարզվել է, որ օրական մեկից ավելի խնձոր համտեսողները, երկրորդ խմբում ներառված մասնակիցների համեմատությամբ, նշանակալիորեն բարձր սեռական գրգռվածություն ու բավարարվածություն են ապրում:
Գիտնականների համոզմամբ, արդյունքներն այն բանի մասին են վկայում, որ խնձորի բաղադրիչներից մեկը՝ ֆլորիձինը, հեշտոցի գրգիռների համար պատասխանատու իգական հորմոնի՝ էստրադիոլի գործառույթները կրկնօրինակելու հատկություն ունի:
Բացի այդ, խնձորը կարող է նաեւ դեպի սեռական օրգանները արյան հոսք խթանող պոլիֆենոլների եւ հակաօքսիդանտների շնորհիվ բարձր սեռական գրգիռ խթանել: Իսկ, բացի խնձորից, է՞լ որտեղ կարելի է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ եւ հակաօքսիդանտներ գտնել: Դե իհարկե՝ կարմիր գինու եւ շոկոլադի մեջ, որոնք մեկ այլ բաղադրիչի՝ ռեսվերատրոլի շնորհիվ նաեւ սրտային հիվանդությունները կանխելու հատկություն ունեն:
Վերադառնալով խնձորին, հարկ է նշել, որ այն, բջջանյութի բարձր բաղադրության շնորհիվ, կարող է նաեւ Պարկինսոնի հիվանդությունը կանխել: Բացի այդ, խնձորը հավելյալ թքարտադրություն է խթանում, ինչի շնորհիվ ատամներն ավելի առողջ եւ գեղեցիկ տեսք կունենան: Իսկ եթե լյարդի մաքրության եւ շաքարախտի առաջացման հավանականության մասին էլ խոսելու լինենք, ապա խնձորի օգտակար նշանակությունն իր լիարժեք պատկերը կստանա: